Bible

Engage

Your Congregation Like Never Before

Try RisenMedia.io Today!

Click Here

2 Samuel 3

:
Armenian - 2018
1 Երկարատև պատերազմ եղավ Սավուղի տան և Դավթի տան միջև. Դավիթը գնալով հզորանում էր, իսկ Սավուղի տունը գնալով ավելի էր տկարանում։
2 Եվ Քեբրոնում Դավթին որդիներ ծնվեցին. նրա անդրանիկը Ամնոնն էր՝ ծնված հեզրայելացի Աքինոամից,
3 նրա երկրորդը Քիլաբն էր՝ կարմելացի Նաբաղի կին Աբիգեայից, երրորդը Աբիսողոմն էր՝ Գեսուրի թագավորի՝ Թոլմիի աղջիկ Մաաքայի որդին,
4 չորրորդը Ադոնիան էր՝ Ագգիթի որդին, հինգերորդը Սափատիան էր՝ Աբիտալի որդին,
5 և վեցերորդը Դավթի կին Էդղայից ծնված Հեթրամն էր։ Քեբրոնում Դավթին սրանք ծնվեցին։
6 Եվ քանի դեռ պատերազմ կար Սավուղի տան և Դավթի տան միջև, Աբենները թիկունք էր Սավուղի տան համար։
7 Սավուղը մի հարճ ուներ՝ անունը Ռեսփա՝ Այիայի աղջիկը։ Եվ Հեբուսթեն Աբեններին ասաց. «Ինչո՞ւ ես մոտեցել իմ հոր հարճին»։
8 Եվ Աբենները շատ բարկացավ Հեբուսթեի խոսքերի համար և ասաց. «Մի՞թե ես Հուդային պատկանող շան գլուխ եմ, որ այսօր շարունակում եմ հավատարմություն ցույց տալ քո հոր՝ Սավուղի տանը, նրա եղբայրներին ու բարեկամներին, իսկ քեզ չմատնեցի Դավթի ձեռքը, իսկ դու այսօր այդ կնոջ համար մեղադրո՞ւմ ես ինձ։
9 Աստված Աբեններին թող այսպես ու սրանից ավելին անի, եթե Դավթի համար չանեմ այն, ինչ Տերը երդվեց նրան,
10 այսինքն՝ թագավորությունը վերցնեմ Սավուղի տանից և Դավթի աթոռը հաստատեմ Իսրայելի վրա և Հուդայի վրա՝ Դանից մինչև Բերսաբեե»։
11 Հեբուսթեն, Աբեններից վախենալով, այլևս չկարողացավ պատասխան տալ նրան։
12 Եվ Աբեններն իր կողմից պատգամավորներ ուղարկեց Դավթի մոտ՝ ասելով. «Ո՞ւմն է այս երկիրը»։ Եվ ասաց. «Ինձ հետ դաշի՛նք կնքիր, և իմ ձեռքը կլինի քեզ հետ՝ ամբողջ Իսրայելը դեպի քեզ դարձնելու համար»։
13 Դավիթն ասաց. «Լավ, ես քեզ հետ դաշինք կկնքեմ, բայց քեզանից մի բան եմ պահանջում. եթե ուզում ես գալ ինձ տեսնելու, մինչև Սավուղի աղջկան՝ Մեղքողին, չբերես քեզ հետ, իմ երեսը տեսնելու չգաս»։
14 Եվ Դավիթը Սավուղի որդի Հեբուսթեի մոտ դեսպաններ ուղարկեց՝ ասելով. «Ի՛նձ տուր իմ կին Մեղքողին, որին առել եմ փղշտացիների հարյուր անթլփատության դիմաց»։
15 Եվ Հեբուսթեն մարդ ուղարկեց ու Մեղքողին վերցրեց նրա ամուսնուց՝ Լայիսի որդի Փաղտիելից։
16 Եվ նրա ամուսինը, նրա ետևից լալով, գնաց մինչև Բավուրիմ։ Եվ Աբենները նրան ասաց. «Ե՛տ դարձիր, գնա՛»։ Եվ նա ետ դարձավ։
17 Եվ Աբենները խորհրդակցեց Իսրայելի ծերերի հետ ու ասաց. «Սկզբից ևեթ ուզում էիք, որ Դավիթը թագավոր լինի ձեզ վրա։
18 Դե, հիմա արե՛ք. որովհետև Տերը խոսել և ասել է Դավթի համար. “Իմ ծառա Դավթի ձեռքով պիտի ազատեմ Իսրայելի իմ ժողովրդին փղշտացիների ձեռքից և նրա բոլոր թշնամիների ձեռքից”»։
19 Աբենները խոսեց նաև Բենիամինի ցեղի հետ։ Աբենները նույնպես գնաց Քեբրոն, որ Դավթին էլ ասի այն, ինչ հաճելի էր թվացել Իսրայելին և Բենիամինի ամբողջ տանը։
20 Եվ Աբենները քսան մարդու հետ եկավ Քեբրոն՝ Դավթի մոտ։ Եվ Դավիթը Աբեններին ու նրա հետ եկած մարդկանց համար խնջույք արեց։
21 Եվ Աբենները Դավթին ասաց. «Ես վեր կենամ գնամ և ամբողջ Իսրայելի ժողովրդին հավաքեմ իմ տեր թագավորի մոտ, որ նրանք դաշինք կնքեն քեզ հետ, և դու սրտիդ ամբողջ ուզածի պես թագավորես»։ Եվ Դավիթն ուղարկեց Աբեններին, ու նա գնաց խաղաղությամբ։
22 Եվ ահա Դավթի զինվորներն ու Հովաբը վերադարձան ասպատակությունից և իրենց հետ շատ ավար բերին, իսկ Աբենները Դավթի մոտ՝ Քեբրոնում չէր, քանի որ Դավիթը նրան ուղարկել էր, և նա գնացել էր խաղաղությամբ։
23 Եվ երբ Հովաբն ու նրա հետ եղած ամբողջ զորքը եկան, Հովաբին պատմեցին և ասացին. «Ների որդի Աբենները եկավ թագավորի մոտ, նա էլ ուղարկեց նրան, և նա գնաց խաղաղությամբ»։
24 Այդ ժամանակ Հովաբը թագավորի մոտ գնաց և ասաց. «Ի՞նչ ես արել. Աբենները ահա եկել է քեզ մոտ, ինչո՞ւ ես նրան թույլ տվել, և նա գնացել է։
25 Դու չգիտե՞ս, որ Ների որդի Աբենները եկել է քեզ խաբելու և քո անցուդարձը հասկանալու և իմանալու քո բոլոր գործերը»։
26 Երբ Հովաբը դուրս եկավ Դավթի մոտից և պատգամավորներ ուղարկեց Աբենների ետևից, նրան ետ բերեցին Սիրայի ջրհորի մոտից, բայց Դավիթը չգիտեր։
27 Եվ երբ Աբենները վերադարձավ Քեբրոն, Հովաբը նրան քաշեց դռնից ներս՝ նրա հետ ծածուկ խոսակցություն ունենալու համար, և այնտեղ խոցեց նրա փորը՝ իր եղբայր Ասայելի արյան համար. և նա մեռավ։
28 Դրանից հետո, երբ Դավիթը լսեց, ասաց. «Ես ու իմ թագավորությունը Ների որդի Աբենների արյունից հավիտյան անպարտ ենք Տիրոջ առաջ։
29 Հովաբի գլխին և նրա հոր ամբողջ տան վրա թող հասնի հանցանքը, և Հովաբի տանից անպակաս լինի սերմնակաթը, բորոտը, ցուպին կռթնողը, սրից ընկնողն ու հացի կարոտը»։
30 Այսպես Հովաբն ու իր եղբայր Աբեսսան սպանեցին Աբեններին, որովհետև նա Գաբավոնի մեջ պատերազմի ժամանակ սպանել էր իրենց եղբայր Ասայելին։
31 Եվ Դավիթը Հովաբին ու նրա հետ եղող ամբողջ զորքին ասաց. «Պատառոտե՛ք ձեր հագուստը և քրձե՛ր հագեք ու լա՛ց եղեք Աբենների առջև»։ Դավիթ թագավորը գնաց նրա դագաղի ետևից։
32 Աբեններին թաղեցին Քեբրոնում, և թագավորը ձայնը բարձրացրեց ու լաց եղավ Աբենների գերեզմանի վրա, և ամբողջ ժողովուրդն էլ լաց եղավ։
33 Թագավորը ողբաց Աբենների համար և ասաց. «Մի՞թե Աբենները այդպես պիտի մեռներ՝ անզգամի մեռնելու նման.
34 Քո ձեռքերը կապված չէին, Եվ քո ոտքերը դրված չէին կապանքի մեջ. Անօրենների առջև ընկնողի նման ընկար»։ Եվ ամբողջ զորքը դարձյալ լաց եղավ նրա վրա։
35 Եվ ամբողջ զորքը եկավ, որ Դավթին հաց կերցնի, քանի դեռ ցերեկ էր, բայց Դավիթը երդվեց և ասաց. «Աստված ինձ այսպես ու սրանից ավելին անի, եթե արեգակը մայր մտնելուց առաջ հաց կամ ուրիշ բան ճաշակեմ»։
36 Եվ ամբողջ զորքը ուշադրություն դարձրեց, և այդ բանն իրեն հաճելի թվաց, ինչպես ամբողջ ժողովրդի աչքին հաճելի է թագավորի ամեն արածը։
37 Եվ այդ օրը ամբողջ զորքը և ամբողջ Իսրայելը հասկացան, որ Ների որդի Աբենների սպանությունը թագավորի կամքով չէր։
38 Եվ թագավորն ասաց իր զինվորներին. «Գիտե՞ք արդյոք, որ այսօր Իսրայելում ընկավ մի իշխան և մի մեծ մարդ։
39 Ես այսօր տկար եմ, թեև թագավոր եմ օծված, իսկ այս մարդիկ՝ Շարուհեայի որդիները, ինձ համար կատաղի են։ Չարիք գործողին թող Տերը հատուցի նրա չարության համեմատ»։